Շատերը կհիշեն, խորհրդային տարիներին վարսավիրանոցներում ձևականության համար կախված գնացուցակները: Դրանք գործում էին Ռուսաստանում, մերձբալթյան և այլ հանրապետություններում, միայն թե` ո՛չ մեզ մոտ: Մենք լուռ համաձայնությամբ վճարում էինք այլ գումար:
Գործարանում մի ռուս պաշտոնյա ունեինք, որը կատարյալ տիրապետում էր հայերենին: Նա մի օր որոշում է օգտվել ուրիշ վարսավիրի ծառայությունից: Մտնում է կիրովականցիներին ծանոթ հրապարակի վարսավիրանոց: Դեմը «Գուգարք» հյուրանոցն է, որի այցելուներից էին հաճախ լինում գործուղման եկած օտարազգի մասնագետներ:
Վարսավիրը ռուսերենով է դիմում, Իվանն էլ ռուսերենով բացատրում է, որ ուզում է մազերը կտրել: Վարսավիրն անցնում է գործի:
Ներս է մտնում վարսավիրի մշտական հաճախորդներից մեկը: Տեսնում է` վարպետը զբաղված է, ուզում է դուրս գալ:
- Արի՛, արի՛, երկու րոպեում էս սոխի գլուխը կկլպեմ, դու կնստես, մի՛ գնա...
Վերջացնում է գործը: Իվանը հանում, երեք կոպեկանոց է դնում սեղանին:
Վարսավիրը սկսում է բացատրել, որ գնացուցակում այդպիսի գին չկա, Իվանն ընդհատում է.
- Ախպեր ջան, կլպածդ սոխի գլուխ չի՞... Էդ էլ է հերիք...
Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ